"Էկոնոմիկա" տնտեսական, հասարակական,
մշակութային վերլուծական եռամսյա պարբերական
 
   
 

Գլխավոր խմբագիր

Լուսյա Մեհրաբյան
''ԷԿՈնոմիկա'' ամսագրի գլխավոր խմբագիր

       Ծնվել է Թումանյանի շրջանի Թումանյան բանավանում: Ավարտել է Երևանի 26 կոմիսարների անվան/այժմ` Խրիմյան Հայրիկի/ դպրոցը, Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական լեզուների բաժինը: Աշխատել է «Սովետական գրող» և «Հայաստան» հրատարակչություններում որպես սրբագրիչ, ապա «Սովետական Հայաստան» ամսագրում` որպես լրագրող: 1978 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Հայաստանի պետական ռադիո- հեռուստատեսության ինֆորմացիայի գլխավոր խմբագրության տնտեսական ինֆորմացիայի բաժնում:

       ՀՀ տրանսպորտի նախարարությունում նա համատեղել է մամուլի քարտուղարի և «Ճեպընթաց» թերթի գլխավոր խմբագրի գործը: 1994-98 լարված տարիները այդ նախարարությունը դարձրել էին օպերատիվ բուռն իրադարձությունների կիզակետ, ինչը նոր ժամանակների փորձառության առաջին դասերը եղան:

       «Հարկադիր կատարողի տեղեկագիր» թերթի գլխավոր խմբագրի աշխատանքը նոր ժամանակների պատկերը ցույց տվեց տխուր կողմից: Բազմաթիվ կատարողական վարույթներից հառնում էր սոցիալական դժվարին իրականությունը, որում հայտնվել էին շարքային քաղաքացիները, հիմնարկ-ձեռնարկությունները: Օրենքն ու օրինականությունը կայացման ծանր ճանապարհ էին անցնում:

       Հեղինակ է «Իմ առաջին գիրքը», «Հայրը» և «Գնում է հաղթելու» ժողովածուներում: «Չգրված ակնարկներ» վիպակը լրագրող հերոսի մտորումների տեսքով անդրադառնում է նոր կյանքին ու նոր իրականությանը:

       Ժամանակն էր մասնագիտական փորձառությունն ու քաղաքացիական կեցվածքը ինքնուրույն լրատվամիջոցի էջեր տեղափոխելու: 2004-ին ծնվեց «ԷԿՈնոմիկա» հանդեսը: Ամսագիրը վերահիմնադրվեց 2006-ին: Անծանոթ դժվարությունները հաղթահարվեցին: Այսօր «ԷԿՈնոմիկա»-ն ունի կայուն ընթերցողական միջավայր, սկզբունքներ ու համախոհների պատվարժան թիմ: Մեծ չէ նրա տպաքանակը, սակայն հավատարիմ են ընթերցողներն ու գործընկերները: Ամսագրի բարեկամների աջակցությամբ ընթերցողական նոր միջավայր է ստեղծվում նաև հանրապետության մարզերում, Լեռնային Ղարաբաղում, հայոց բանակում: Ամսագրի բաժանորդներն են դառնում հանրակրթական դպրոցները, քանի որ մանկավարժական կոլեկտիվի և բարձր դասարանցիների համար հետաքրքիր և օգտակար բազմազան տեղեկատվությունը կարելի է քննարկման թեմաներ դարձնել բաց դասերի կամ դպրոցական ավելի մեծ լսարանի համար: Աշխատանքային կենսափորձն անընդհատ թարմանում է նոր ժամանակների հոգեբանության ու մտածելակերպի պահանջներով:

       Ամսագրի 5-ամյա ճանապարհը հավատարմորեն միասին անցել են գլխավոր խմբագիրն ու ձևավորող Նարինե Բաղդասարյանը: Ամսագրի հաշվապահն ու կազմակերպիչը երիտասարդ տնտեսագետ Արփի Անտոնյանն է: Նոր պահանջներին համահունչ` ամսագիրը վերջերս նաև իր կայքէջն ունեցավ, որը պատրաստեց «Երկիր մոլորակ» ընկերությունը: Խմբագրությանը մարքեթինգային հարցերում աջակցում է Լուսինե Նալբանդյանը` «ԼունաՄարկետ» ընկերության երիտասարդ տնօրենը:

Գլխավոր խմբագիրը յուրաքանչյուր թողարկման մեջ հանդես է գալիս «Խոսքը` խմբագրին» խորագրի ներքո: Հոդվածներում ամփոփվում են ամսագիրն ստեղծվելու երեք ամիսների ընթացքում հանրային հետաքրքություն ներկայացնող այն հարցադրումները, որոնց անդրադառնում է տվյալ թողարկումը:

Կայքէջում պահպանում ենք այդ խորագիրը:

Հերթական պարբերականը

Արխիվից

Տնտեսություն, տեսական վերլուծություններ
Հարցազրույց
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Բիզնեսի պատմություն
Բանկային ոլորտ
Կրթություն